Ըստ Իսրայելի ռազմական հետախուզության կայքի՝ Debkafile-ի տեղեկատվության՝ ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ Թուրքիայի «Ինջիրլիք» և Կատարի «Ալ-ՈՒդեյդ» ավիաբազաներից և տեղափոխվել Սաուդյան Արաբիա և Արևելյան Եվրոպա: Ավելի վաղ «Ինջիրլիք»-ից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրության մասին գրել էր «The Wall Street Journal»-ը, նշելով որ «Ինջիրլիք»-ից արդեն դուրս են բերվել հարվածային կործանիչներն ու կրճատվում է զինծառայողների քանակը: ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը հերքել է լուրերը:
«ԱՄՆ-ը դուրս չի գալիս ոչ Թուրքիայի «Ինջիրլիք», ոչ Կատարի «Ալ-ՈՒդեյդ» ավիաբազաներից: Այդ լուրերը կեղծ են և հիմնազուրկ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է կենտրոնական հրամանատարությունը: Հերքել է նաև ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի կայքը՝ US AFCENT և իր միկրոբլոգում մեկնաբանել, թե անվտանգության ընդհանուր խնդիրները համատեղ լուծելու փուլում անօգուտ լուրերը տարածաշրջանի դաշնակիցների միջև անվստահություն և բաժանում են սերմանում: Պենտագոնը հերքում է «Ինջիրլիք»-ից հրաժարվելու մտադրությունը, բայց հաստատել է, որ օդուժի մի մասը դուրս է բերվել: Պենտագոնը պարզաբանել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ ամերիկյան օդուժի գործողությունները որոշ չափով կրճատվել են, և օդուժի մի մասը ուղղվել է Աֆղանստան՝ ակտիվացնելու թալիբ զինյալների դեմ գործողությունները:
Իսրայելի ռազմական հետախուզության կայքի տեղեկատվության համաձայն՝ Կատարի ավիաբազայից Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հարցը հաստատվել է մարտի 20-ին՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին-Սալմանի հանդիպմանը: Ռազմական ոլորտի աղբյուրները Իսրայելի ռազմական հետախուզության կայքին նաև ասել են, որ չնայած հերքումներին, Թրամփի վարչակազմը իրականացնում է տարածաշրջանում ամենամեծ ավիաբազայից՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող «Ինջիրլիք»-ից դուրս գալու ծրագիրը և որ այդ երկու քայլերը փոխկապակցված են: Իսրայելի ռազմական հետախուզության կայքը նշում է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան երկու խոշոր ավիաբազաների վերատեղակայումը կցնցի ամբողջ տարածաշրջանի ռազմավարական իրավիճակը: Ամերիկացի զինծառայողները պաշտպանության տակ կառնեն Սաուդյան թագավորության, որը նաև հստակ մեսիջ կլինի Էր Ռիադի հակառակորդ Իրանին: